Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Facebook-ի իր էջում, մեկնաբանելով Վենեսուելայի իրադարձությունները, դրանք անվանել է «քվազիհեղաշրջում»՝ հայտնում է РБК-ն։

«Մենք ականատեսը եղանք այն բանի, ինչպես հերթական անգամ, ի հեճուկս սահմանադրության, «ընտրվում է» պետության այլ ղեկավար։ Ընդ որում, այդ քվազիհեղաշրջումը սատարում են մի շարք երկրների ղեկավարներ։ Շատ արագ։ Կարծես հրամանով»,- գրել է նա։

Նա նաեւ նշել է, որ ոչ ոք իրավունք չունի «անօրինական կերպով հեռացնել իշխանությունից պետության ղեկավարին, որը վերջերս հաղթել է ընտրություններում»՝ անկախ այն բանից, դուր է գալիս այդ մարդը այս կամ այն քաղաքական ուժերին, թե ոչ։

Վենեսուելան գտնվում է «ծայրահեղ ծանր վիճակում», եւ դրա համար պատասխանատու են ինչպես երկրի իշխանությունները, այնպես էլ նրանք, ովքեր այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ են սահմանում՝ կարծում է Մեդվեդեւը։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը միջազգային իրավունքին ընտրովի է մոտենում։ «Մի պահ պատկերացնենք, թե ինչպես ամերիկյան ժողովուրդը կընդուներ այն նորությունը, որ բյուջետային ճգնաժամի (շաթդաունի) արդյունքում իրեն նոր նախագահ է հռչակել, ասենք, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակը։ Ինչպե՞ս դրան կվերաբերեր ամերիկյան գործող նախագահը։ Իսկ երբ խոսքը ուրիշների մասին է, ընդունվում է որպես սովորական երեւույթ»,- նշել է վարչապետը։