Հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրանկ Էնգելը 54 տոկոս կողմ ձայներով ընտրվել է Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցության նախագահ։ Նրա մրցակից Սերժ Վիլյամսն ստացել է ձայների 46 տոկոսը՝ 536 ձայն:
Կուսակցության փոխնախագահներ են ընտրվել Էլիզաբեթ Մարգը եւ Ստեփանի Վեյդերտը:
43-ամյա Ֆրանկ Էնգելը եղել է կուսակցության քարտուղարը, իսկ 2009-ին առաջին անգամ հանդես է եկել Եվրոպական խորհրդարանում:
Իր նախագահության ընթացքում Էնգելը կշարունակի գործել Ստրասբուրգում:
Լյուքսեմբուրքի ամենամեծ կուսակցության նախագահ ընտրվելուց հետո Էնգելը հայտարարել է, որ պետք է միասին աշխատել, որ կուսակցությունն իսկապես լինի ժողովրդական, որը քաղաքականությունը դարձնում է բոլորինը:
Հիշեցնենք, որ Ֆրանկ Էնգելի կինը հայ է՝ Տաթեւ Մանուկյանը: Նրանք միասին եղել են Հայաստանում Արցախում, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները փորձել են նրան ներառել Ինտերպոլով հետախուզվող անձանց ցուցակում:





























