Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում է նաեւ երկրի ԿԲ նախագահը, Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ Վաշինգթոն է ժամանել առեւտրի հարցերով խորհրդակցությունների, հայտնում են չինական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրի հարցերով բանակցությունները կանցկացվեն հունվարի 30-31-ը Վաշինգթոնում:

Չինական պատվիրակության կազմում են, բացի Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ Ի Գանից, նաեւ բարեփոխումների եւ զարգացման հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Նին Ցզիչժեն, ֆինանսների փոխնախարար Լյաո Մինը, ԱԳ փոխնախարար Չժեն Ցզեգուանը, արդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Լո Վենը, գյուղատնտեսության փոխնախարար Հան Ցզյունը, ինչպես նաեւ առեւտրի փոխնախարար, միջազգային առեւտրային բանակցություններում Չինաստանի ներկայացուցիչ Վան Շոուվենը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսության հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանն իրենց փոխհարաբերությունների ամբողջ պատմության մեջ առեւտրի հարցերով ամենահանգամանալից բանակցություններն են վարելու:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը երկուշաբթի Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսում ասել էր, որ Թրամփը Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ կհանդիպի Վաշինգթոնում առեւտրային բանակցությունների ամփոփումից հետո: