ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերը եւ փետրվարի 5-ին հանդես կգա «Երկրի վիճակի մասին» Կոնգրեսի երկու պալատներին ուղղված ամենամյա ուղերձով: Այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից տարածված ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ներկայացուցիչների պալատի հարգելի խոսնակ, շնորհակալություն փետրվարի 5-ին «Երկրի վիճակի մասին» Կոնգրեսի երկու պալատներին ուղղված ամենամյա ուղերձը ներկայացնելու ձեր հրավերի համար: Այն ընդունելն ինձ համար  պատիվ է», - նշել է նա:

«Մենք պատմելու հրաշալի բան ունենք, բացի այդ մեր առջեւ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է լուծենք»,-նշել է Թրամփը: «Անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ հանդիպմանը փետրվարի 5-ին», - նշել է նա:

Սկզբում ենթադրվում էր, որ Թրամփը Կոնգրեսում ելույթ կունենա հունվարի 29-ին: Սակայն Փելոսին մերժել էր պետության ղեկավարի՝ ԱՄՆ Կոնգրեսում խոսելու իրավունքը ԱՄՆ կառավարության մի մասի աշխատանքի դադարեցման պատճառով: Վաշինգթոնում բյուջետային ճգնաժամը ծագել էր այն պատճառով, որ իշխող Հանրապետական եւ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունները չէին կարողացել փոխզիջման հասնել Մեքսիկայի հետ սահմանային հսկողության ուժեղացման համար միջոցներ հատկացնելու հարցում:

ԱՄՆ նախագահները ամենամյա ուղերձներ են հղում երկրում իրավիճակի վերաբերյալ  իրենց տեսլականը ներկայացնելու, արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները նշելու համար: ԱՄՆ-ում օրենսդիր մարմնի առջեւ ամենամյա ուղերձով հանդես գալու ավանդույթն առաջացել է 1790 թվականի հունվարի 8-ին: Նրա հիմնադիրը երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնն է: Այդ ժամանակ նա ելույթ էր ունեցել Նյու Յորքում:

Ամերիկացի պատմաբանների կարծիքով Փելոսիի եւ Թրամփի միջեւ ելույթի վերաբերյալ վեճը, որին հաջորդել էր վարչակազմի ղեկավարի հրավերի չեղարկումը, աննախադեպ իրադարձություն է:

Այնուամենայնիվ ԱՄՆ-ի պատմության ընթացքում Կապիտոլիումի բլրում նախագահական ելույթների տեղափոխման դեպքեր արդեն պատահել են: 1986 թվականին Ռոնալդ Ռեյգանը մեկ ամսով հետաձգել էր ուղերձի օրը Challenger տիեզերանավի աղետի ֆոնին: