Հայ ազգային կոնգրեսի կողմից հրավիրված մարտի 1-ի հանրահավաքը հանգրվանային է լինելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 25-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ այդ օրը Կոնգրեսն ու ընդդիմադիր հանրությունը պետք է իշխանություններին ապացուցի, որ 2008-ին տեղի ունեցած մարտի 1-ն այլեւս տեղի չի ունենալու: Զուրաբյանի խոսքով՝ մարտիմեկյան հանրահավաքին իշխանություններին ուղղվելու է «շատ պարզ մեսիջ՝ ցանկացած բռնություն տասնապատիկ հակահարված է ստանալու ժողովրդի կողմից»:
Մարտի 1-ի հանրահավաքի կարեւորությունն, ըստ Զուրաբյանի այն է, որ այն տեղի է ունենալու արաբական աշխարհում ընթացող հեղափոխությունների ֆոնին: «Այսօր մենք տեսնում ենք, որ այս իրադարձությունները ստեղծել են նոր միջազգային ֆոն, որում վերջին շրջանում առաջին անգամ միջազգային հանրությունն սկսում է արթնանալ ու հասկանալ, որ մարդասպաններն ու բռնապետները տեղ չունեն այսօրվա աշխարհում»,- ասաց Զուրաբյանը եւ հավելեց, որ նույն այդ միջազգային հանրությունը «քնած էր» Հայաստանում մարտմեկյան դեպքերի ժամանակ:
Ուստի, նրա խոսքով, Կոնգրեսը երեք տարի շարունակ պայքարել է միջազգային մեկուսացման պայմաններում: Լեւոն Զուրաբյան ասաց նաեւ, որ մարտի 1-ին հաջորդելու է հանրահավաքային նոր սեզոն: Իսկ ապրիլից-մայիս ընկած ժամկետը իշխանության համար լավագույն ժամանակահատվածն է` բավարարելու ՀԱԿ-ի պահանջները եւ նշանակելու արտահերթ ընտրություններ:





























