ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է լրատվամիջոցների լուրերն այն մասին, որ Բուենոս Այրեսում կայացած  G20 գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 15 րոպե զրուցել է ռուսաստանցի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ առանց ամերիկյան կողմի թարգմանչի ներկայության, գրում է RT-ն:

«Ինչ վերաբերում է Արգենտինայում նախագահ Պուտինի գտնվելուն, գագաթաժողովի շրջանակում նա բազմաթիվ կարճ զրույցներ է ունեցել, ինչպես ասում են՝ ոտքի վրա: Բոլորովին մեր գործը չէ, ով է այնտեղ եղել, ով այնտեղ չի եղել իր թարգմանչի հետ: Պուտինի թարգմանիչը միշտ իր կողքին է: Սա է արդեն մեր գործը եւ այս առումով մեզ մոտ ամեն ինչ կայուն  է եւ կարգին», — ասել է Պեսկովը:

The Financial Times-ն, ավելի վաղ վկայակոչելով իր աղբյուրներին գրել էր, որ երկու առաջնորդները «Կոլոն» օպերային թատրոնում  մոտ 15 րոպե առանց ամերիկյան կողմի թարգմանչի ներկայության զրուցել էին:

The Financial Times-ի աղբյուրների համաձայն՝ նախագահների զրույցն ավելի բովանդակալից եւ երկար է եղել, քանի մինչ այդ հայտնել էր Սպիտակ տունը:

Զրույցի ժամանակ Պուտինը եւ Թրամփը քննարկել են Սիրիայի խնդիրը, Կերչի նեղուցում  միջադեպը եւ ապագայում բանակցություններ անցկացնելու հնարավորությունը: