Եվրամիությունը Մեծ Բրիտանիային կոչ է արել հնարավորինս շուտ որոշել հետագա քայլերը, որոնք Լոնդոնը մտադիր է ձեռնարկել  ԵՄ-ից  Միացյալ Թագավորության դուրս գալու բանակցությունների շրջանակներում: Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շարունակում ենք Բրիտանիայի կառավարությանը կոչ անել հնարավորինս շուտ հստակեցնել Brexit-ի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ իրենց մտադրությունները:  Բնականաբար, կասկած չի կարող լինել, որ Եվրահանձնաժողովի բոլոր ծառայությունները եռանդագին աշխատում են համաձայնագրի բացակայության սցենարի նախապատրաստման ուղղությամբ, թեեւ դա մեր ընտրությունը չէ»:

Թիմերմանսը չի մանրամասնել՝ մտադիր են արդյոք Բրյուսելի ինստիտուտների ղեկավարներն առաջիկայում վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցություններ վարել:

Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատը երեքշաբթի հավանություն էր տվել Brexit-ի մասին փաստաթղթի փոփոխությանը, որը վերաբերում է ԵՄ-ում մնացող Իռլանդիայի եւ ԵՄ-ն լքող, Բրիտանիայի կազմում գտնվող Հյուսիսային  Իռլանդիայի միջեւ սահմանի հարցին: