Մեր ժամանակներում ձեւավորված Արցախի Հանրապետությունը պետականության ձեւավորման ու զարգացման պատմական երկարատեւ գործընթացի օբյեկտիվ արդյունք է: Այսօր՝ փետրվարի 25-ին «Արցախ. թագավորությունից մինչեւ Հանրապետություն» անվանումը կրող սեմինար-քննարկման ժամանակ նշել է քաղաքագիտության մագիստրոս, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի օգնական Ստեփան Հասան-Ջալալյանը: Քննարկումը կազմակերպել է «Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը»:

Ջալալյանի խոսքով, Արցախի պետականությունը հիմնվում է դարավոր ավանդույթների ու մշակված իրավագիտակցության վրա` հանդիսանալով արցախահայության կենսունակության եւ զարգացման գլխավոր երաշխիքը: Նրա զեկույցն ուղեկցվել է իր հեղինակությամբ նկարահանված «Արցախի առաջին թագավորը. Վաչագան Բարեպաշտ» ֆիլմի կադրերով:

ՔԱՆ համակարգող Հովսեփ Խուրշուդյանն իր խոսքում նշել է, որ Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 28-ին սկսված եւ Ադրբեջանում 2 տարի շարունակված ցեղասպանության արդյունքում եւս մեկ անգամ փաստվեց այն անհերքելի ճշմարտությունը, որ այդ երկրի հայ բնակչության` ներառյալ ԼՂԻՄ-ի մեծամասնությունը կազմող հայերի անվտանգությունը որեւէ կերպ չեն կարող ապահովված լինել Բաքվի գերիշխանության ներքո:

Հաջորդ բանախոսը` միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանը գլխավորապես անդրադարձել է ԽՍՀՄ օրենսդրությանն ու անկախ պետության չափորոշիչներին ԼՂՀ-ի հռչակման համապատասխանության թեզերին: Նա ուշադրություն է հրավիրել ԼՂ խնդրի լուծման հարցում ԵԱՀԿ-ի որդեգրած հայեցակարգի, մարդու իրավունքների հարգման, հակամարտության կարգավորման համար ուժի եւ դրա կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքների անտեսման, ինչպեսեւ հակամարտության կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» քայքայիչ ներուժի վրա: Վերջում Ա.Ղուկասյանն առաջարկել է կարգավորման այլընտրանքային տարբերակի իր տեսլականը:

Վերջում ներկաներին բաժանվել են «Արցախի առաջին թագավորը. Վաչագան Բարեպաշտ» եւ «Արցախ-Խաչենի իշխանաց իշխանը. Հասան-Ջալալ-Դոլա» ֆիլմերը պարունակող DVD-տեսասկավառակներ: