Նոր տեխնոլոգիաների շնորհիվ մենք կարող ենք լուծել շրջակա միջավայրի խնդիրները։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, Քյոլնի տեխնիկական համալսարանում հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով շրջակա միջավայրի պաշտպանության գործում նոր տեխնոլոգիաների դերի մասին հարցին։
«Շատերը նոր տեխնոլոգիաներն ընկալում են որպես շրջակա միջավայրի թշնամիներ, որը գուցե իր մեջ որոշակի ճշմարտություն է պարունակում, սակայն նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս լուծել շրջակա միջավայրի խնդիրները։ Տեխնոլոգիաների շնորհիվ մենք տեղյակ ենք կլիմայի փոփոխության խնդրին, էկոլոգիաներին խնդիրներին եւ այլն»,–նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը հավելեց նաեւ՝ ՀՀ–ում կա աղբի վերամշակման խնդիր, չկան վերամշակման տեխնոլոգիաներ. «Հայաստանում մենք ունենք աղբի վերամշակման խնդիր, եւ այժմ մենք ներդրողներ ենք որոնում այդ ոլորտում։ Ցավոք, մենք երկրում չունենք վերամշակման տեխնոլոգիաներ»։
ՀՀ վարչապետի խոսքով՝ մեկ այլ խնդիր է հանքարդյունաբերության ոլորտը, քանի որ այս ոլորտը մեծ վնասներ է հասցրել երկրի շրջակա միջավայրին։ «Այժմ մենք պատրաստվում ենք շրջակա միջավայրի շատ բարձր ստանդարտներ սահմանել հանքարդյունաբերության համար։ Մենք հույս ունենք դա իրագործել տեխնոլոգիաների միջոցով»։
Նա շեշտեց՝ կարեւոր է ոչ միայն սահմանել այդ ստանդարտները, այլ նաեւ հետեւել իրականացման գործընթացին։





























