Ընդդիմադիր հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Էրեբունի համայնքում ընդդիմության ակտիվիստների նկատմամբ ոստիկանության իրականացրած ապօրինությունների մասին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Արդեն մի քանի ժամ է, ինչ Էրեբունու ոստիկանության աշխատակիցները լայնամասշտաբ «այցելություններ» են սկսել Էրեբունու համայնքում բնակվող Հայ Ազգային կոնգրեսի համակիրների և այն քաղաքացիների տներ, ովքեր մասնակցել են հանրահավաքներին: Նրանց տեղում կամ ոստիկանություն հրավիրելուց հետո սպառնում են չմասնակցել մարտի 1-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին:
Օպերացիան ղեկավարում են Էրեբունի համայնքի ոստիկանապետի` ծառայության գծով տեղակալ Ռազմիկ Հովհաննիսյանը և թաղային տեսուչների ղեկավար Արմեն Դոյդոյանը:
Հայ Ազգային Կոնգրեսի Էրեբունու գրասենյակն իր անդամների և համակիրների անունից հայատարարում է, որ ոստիկանների գործողություններն ապօրինի են և որևէ արդյունք չեն տալու:
Մեր համակիրները, որոնց թիվն աճում է օրեցօր, չեն ընկրկելու, միահամուռ մասնակցելու են Հայ Ազգային Կոնգրեսի` մարտի 1-ի հանրահավաքին և կոչ են անում բոլոր արժանապատիվ քաղաքացիներին նույնպես մասնակցել համաժողովրդական շարժման հաղթանակի կերտմանը»:





























