Նոր հարկային օրենսգրքով հաշվապահներին, իրավաբաններին ու փաստաբաններին շրջանառության հարկ վճարողից տեղափոխում ենք հարկման ավելի բարձր դաշտ՝ ԱԱՀ վճարողների դաշտ, սակայն ակնհայտ է, որ նրանք չեն տիրապետում այն եկամուտներին, որոնք թույլ կտան հետագայում կազմակերպել իրենց գործունեությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ դա որեւէ հիմնավորում չունի:
Նա անդրադարձավ նաեւ Հարկային նոր օրենսգրքով եկամտային հարկի համահարթեցմանը, որով նախատեսվում է, որ բոլորի համար եկամտային հարկը լինելու է նույնը՝ 23 տոկոս:
Ըստ Բոստանջյանի՝ դա իր մեջ ռիսկեր է պարունակում պայմանավորված նրանով, որ բարձր եկամուտներ ունեցող ստացողներն, ըստ էության, հավասարեցվում են ցածր եկամուտ ստացողներին հարկման առումով. «Դա հանգեցնում է բարձր եկամուտ ստացողների համար ավելի բարենպաստ պայմանների, իսկ խոցելի խավը, որ ամսական մինչեւ 150 հազար դրամ եկամուտ է ստանում, ըստ էության, որեւէ լրացուցիչ շահ չի ունենալու: Այսինքն այդ մարդկանց եկամտային հարկը չի նվազելու, իսկ այդ ընթացքում գնաճ է լինելու՝ պայմանավորված նրանով, որ բազմաթիվ ապրանքատեսակներ սկսելու են հարկվել ակցիզային հարկով: Սա չի կարող չբերել շղթայական գնաճի: Իսկ այդ դեպքում, ստացվում է, որ խոցելի խավն ավելի դժվար իրավիճակում է հայտնվում»:
Տնտեսագետն ընդգծեց, որ այս գործոններով պայմանավորված, Հարկային նոր օրենսգրքի համակողմանի քննարկում եւ ինչու ոչ, որոշ մոտեցումների մերժում պետք է լինի:
Հարցին, թե ընդհանուր առմամբ, ինչպես է գնահատում Հարկային նոր օրենսրքի նախագիծը, որը դրվել է հանրային քննարկման, Բոստանջյանը պատասխանեց. «Հարկային օրենսգիրը, երբ դեռ մենք ընդունեցինք, այդ ժամանակ հանդես եմ եկել գնահատականով, որ այն ըստ էության, մեր գործարար սուբյեկտների համար ստեղծում է լրացուցիչ անհիմն դժվարություններ: Նոր նախագծում էլ բազմաթիվ վիճահարույց խնդիրներ կան, որն իմ կարծիքով, չի նպաստում, որ հարկային միջավայրը գա ավելի ընդունելի վիճակի: Կամ պետք է նոր նախագիծ բերել, կամ ԱԺ-ում այն պետք է ենթարկվի համակողմանի մասնագիտական քննարկման եւ ճիշտ ելքեր գտնվեն»:
Բոստանջյանը նշեց, որ Հայաստանի բյուջեն ունի խրոնիկական դեֆիցիտ. «Ուրեմն ինչ-որ ձեւով պետք է կարողանալ այդ բացը լրացնել: Հանց դրա պատճառով էլ նման բաներ են բստրվում: Իրականում ակնհայտորեն դա սխալ մոտեցում է: Ցանկացած ճանապարհով բյուջեի մուտքեր ապահովելը տնտեսության համար դառնում է օղապարան: Նման տնտեսությունը չի կարող զարգանալ ինչպես մենք ուզում ենք»:




























