Խոշոր առումով ողջունելի է, որ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Դա պետք է ողջունել, որովհետեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը ենթադրում է տվյալ չափով աշխուժացում տնտեսության մեջ: Այդ դեպքում, բոլոր վարկառու տնտեսվարողները  գտնվում են համեմատաբար ավելի քիչ ծանրաբեռնվածության մեջ, ինչը նշանակում է տնտեսական հարաբերությունների աշխուժացում: Դա պետք է ողջունել եւ պետք է աշխատել, որ այդ տոկոսադրույքն ավելի իջնի»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու հիմա հնարավոր դարձավ տոկոսադրույքի նվազումը, ինչու 1-2 տարի առաջ հնարավոր չէր, Բոստանջյանը պատասխանեց. «Բարձր տոկոսադրույքը պայմանավորված է եղել նրանով, որ ռիսկերը մեծ են, հիմա ենթադրվում է, որ ռիսկերը զսպվում են կամ կառավարվում են»:

Նշենք, որ 2019 թ. հունվարի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%: