Ռուսական 9Մ729 հրթիռների վերատեղաբաշխումն Ուրալից հեռու այնպես, որ դրանք չհասնեն Եվրոպա, կպահպանի Միջին եւ փոքր հեռավորության հրթիռների մասին համաձայնագիրը (ՄՓՀՀՀ), հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով գերմանական Frankfurter Allgemeine պարբերականին:
Այդ մասին հայտարարել են Բունդեսթագի պատգամավորներ Ռոդերիխ Քիզեվեթթերը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն) եւ Ռոլֆ Մյութցենիխը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն):
Պարբերականը նշում է, որ Քիզովեթթերն ու Մյութցենիխը հնչեցրել են իրենց առաջարկները՝ միմյանցից անկախ: Ըստ պատգամավորների՝ Ռուսաստանին պետք է առաջարկվի իրավիճակից այդ ելքը, սակայն այնպես, որ Մոսկվան վստահությամբ լցվի եւ համաձայնվի սկսել բանակցությունների նոր փուլը:





























