Մենք ուզում ենք ստեղծել ապշանքի էկոայգի, որի 31 ենթակառուցվածքներից մեկն էլ կոկորդիլոսաբուծարանն է լինելու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը՝ նշելով, որ այգին հենց «Ապշանք» անունն է կրելու։
«Այն մեծ այգի է լինելու՝ ժամանակակից բոլոր հնարավորություններով, հանգստյան գոտիներով, ալիքային լողավազաններով, զվարճանքի վայրերով: Մենք ուզում ենք ստեղծել ապշանքի էկոայգի։ Ինչու ապշանքի, որովհետեւ մենք փորձում ենք այնքան գերազանց ու գեղեցիկ կառուցել այն, որ ով մտնի այնտեղ, անկախ իրենից ապշի»,–նշեց նա։
«Արմոն» ընկերության հիմնադրի խոսքով՝ էկոայգում ներդնելու են բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք չկան Երեւան քաղաքում. «Երեւանում չկան հանգստյան գոտիներ, երեխաների խաղահրապարակներ, շների համար խաղահրապարակներ, ալիքային լողավազան, բացօթյա ֆիթնեսի համար հրապարակ, հեծանվասպորտի համար պայմաններ, ուղիներ, նաեւ գյուղատնտեսաական աերոհիդրոդինամիկական ջերմոցներ, պտղատւ այգիներ,բանջարանոցներ, ընտանի թռչունների համար տեղեր, իսկ վերջում՝ Դաշտավանի դպրոցը կփորձենք բնապահպանական կենտրոնի վերածել»:
Նրա փոխանցմամբ՝ իրենց թիրախը զբոսաշրջիկերն են.«Ամեն 10 զբոսաշրջիկից 2-ը գոնե կգա այնտեղ իր հանգիստը անցկացնելու: Այսօր նման այգի չկա ամբողջ տարածաշրջանում»։
Ամբողջ ծրագրի մեջ ամենառիսկայինը, ընկերության ներկայացուցչի խոսքով, համարվում է հենց կոկորդիլոսաբուծությունը. «Կոլորդիլոսը դանդաղ զարգացող կենդանի է, թանկ հաճույք է, երկար տարիներ պետք է պահել, մինչեւ հասնի արդյունաբերական մակարդակի»։
Նա համաձայն չէ բնապահպանների հետ, թե կոկորդիլոսները վերացող տեսակ են, նանշում է, որ տարեկան աշխարհում 1 մլն 200 հազար կոկորդիլոս են մորթում»
Խաչատուր Սարգսյանը մանրամասնեց, որ դեռ նախկին իշխանություն օրոք են դիմել կառավարությանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, որը տարածք էր տրամադրել Տավուշի մարզում, որին չեն համաձայնել, ապա նամակներ են ուղարկել Արմավիրի եւ Արարատի մարզպետարաններ. «Մարզպետները նոր էին փոխվել հեղափախությունից հետո, մենք ստացանք անմիջապես պատասխան, որ հետաքրքրված են ծրագրող։ Արմավիրի մարզպետի հետ չհանդիպեցինք, որովհետեւ Արարատի մարզպետը ավելի արագ գտնվեց, նրա հետ հանդիպեցինք եւ առաջարկված տարածքներից ընտրեցինք Դաշտավանը»։
Նա նշեց, որ սա մասնավոր նախագիծ է, պետությունից ոչինչ չեն ստացել. «Հողը դեռ չենք գնել, վերցնելու ենք 20-25 հա տարածք, որը 30 տարուց ավելի անմշակ է եղել, հողը լրիվ էրոզիայի է ենթարկված, այնտեղ անհնար է որեւէ բան մշակել, մեր կողքով անցնում է Հրազդան գետը, որտեղ վատ հոտի պատճառով կանգնել չի լինում, պետք է տարածքը մաքրենք»
Կլիմայական պայմանները կոկորդիլոս բուծելու համար հարմար են, հավաստիացրեց նա, ապա հիշեցրեց, որ ՌԴ Օմսկ քաղաքում բուծարան կա։ Խաչատուր Սարգսյանը նշեց նաեւ, որ մտադիր են Գյումրիում կոկորդիլոսի կաշվի վերամշակման գործարան կառուցել։ «Ոսկորները կօգտագործվեն պարֆումերիայի մեջ, ատամները՝ ոսկերչության։ Եթե դու ունես բուծարան, քո ապրանքը արդեն վաճառված է։ Ծրագիրը նախատեսում ենք սկսել մարտի 1-ից, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա։ Ամբողջ ծրագիրը 10 միլիոնի շրջանակներում է, կունենա 300-500 աշխատատեղ»,–եզրափակեց նա։





























