ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային բանակցություններում առաջընթացը առայժմ վերջնականապես չի որոշակիացել, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս հուսով է մինչեւ մարտի 1-ը գործարք կնքել։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան տնտեսական գծով խորհրդական Կեւին Հասեթը՝ հայտնում է Reuters-ը։

«Ի՞նչ առաջընթացի ենք մենք հասել անցյալ շաբաթ, եւ ի՞նչ առաջընթացի մենք կհասնենք, երբ Սթիվեն Մնուչին եւ դեսպան Ռոբերտ Լայթհայզերը մեկնեն Չինաստան։ Մենք դեռեւս սպասման մեջ ենք»,- նշել է նա։ Նրա խոսքերով, ինքը լիահույս է Պեկինում տեղի ունեցած բանակցություններից հետո, սակայն «դեռեւս շատ աշխատանք կա կատարելու»։

Անցյալ շաբաթ Սպիտակ տան մեկ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել էր, որ Վաշինգտոնում ամերիկացի եւ չինացի պաշտոնյաների առեւտրային բանակցություններից հետո «լավ մթնոլորտ» է ստեղծվել։

Թրամփը հայտարարել էր, թե ցանկացած համաձայնագիր վերջնական չի լինի, քանի դեռ ինքը առաջիկա շաբաթներին չի հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։