Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Արաբական թերակղզի իր այցի ընթացքում կոչ է արել վերջ դնել Մերձավոր Արեւելքում պատերազմներին՝ հայտնում է AFP-ը։

Պոնտիֆիկը պատմական եռօրյա այցով ԱՄԷ-ում է։

Վաղը նա ծրագրում է հանդիպում անցկացնել մահմեդական երկրի 135 000 կաթոլիկների հետ, որը կդառնա Պարսից ծոցի երկրի խոշորագույն հանրային միջոցառումը։

Իր ուղերձում Պապն ընդգծել է արդարության, քաղաքացիների իրավունքների հավասարության, բոլոր տեսակի պատերազմների դադարեցման անհրաժեշտությունն, այդ թվում՝ Եմենում։ Նրա խոսքերով, բոլոր կրոնական առաջնորդները «պարտավոր են մերժել պատերազմը»։ «Ես նկատի ունեմ, մասնավորապես, Եմենը, Սիրիան, Իրաքը եւ Լիբիան»,- ասել է նա միջդավանանքային հանդիպման ժամանակ, որին մասնակցել են շեյխ Ահմեդը եւ ԱՄԷ-ի առաջնորդները։

Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Զաիդը, ով յոթ էմիրությունների ամենաազդեցիկ կառավարիչներից է, Հռոմի պապին նվիրել է մի բուռ հող, որի վրա ԱՄԷ-ում կառուցվել է առաջին եկեղեցին։

Ֆրանցիսկոս պապն իր հերթին արքայազնին նվիրել է 1219թ․ սուրբ Ֆրանցիսկոս Ասիզիի եւ Եգիպտոսի սուլթան Մալեկոմ Ալ Քամելի հանդիպմանը նվիրված մեդալյոն։