Օրհներգի փոփոխության հարցը արհեստական թեմա է, որով իշխանությունները փորձում են հասարակության ուշադրությունը լուրջ ու հրատապ թեմաներից շեղել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

«Տարբեր մանիպուլյատիվ տեխնոլոգիաների միջոցով փորձում են հանրության ուշադրությունը շեղել եւ օրհներգը այդ թեմաներից մեկն է, բայց ոչ վերջինը»,–նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ երբ օրհներգի թեման իրեն սպառեց, հարցին անդրադարձավ նաեւ Լեւոն Տեր–Պետրոսյանը, «ԱԺ փոխխոսնակը հրապարակ նետեց դրոշի վրա խաչ ավելացնելու թեման, որը սակայն մանիպուլյատիվ շատ քիչ շանսեր ուներ, ավելին նման էր ծաղրանքի, չնայած հետո ասաց որ սարկազմով է եղել»։

Քաղաքագետի կարծիքով՝ կարեւոր թեմաներից շեղելու անհրաժեշտություն առաջացել էր այն ժամանակ, երբ իշխանությունները չէին ցանկանում խոսել Արցախի հարցի շուրջ, ինչպես նաեւ երբ տնտեսական ծրագրերի շուրջ հարց էր առաջանում. «Հիմա չնայած Արցախի հարցի շուրջ իրավիճակը պարզվում է, սակայն տնտեսական ծրագրի հարցը մնում է մշուշոտ»,–նշում է նա։