Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը երեկ՝ փետրվարի 25-ի ուշ երեկոյան որոշում է կայացրել, որով բավարարվել է Տիգրան Փոստանջյանի («Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրն է) նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ քննիչի որոշումը:

Այս կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Դատական նիստի ընթացքում դատարանի շենքի առջեւ տեղի էր ունենում բողոքի ցույց, որի բազմաթիվ մասնակիցները իրենց աջակցությունն էին հայտնում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը:

Դատարանի որոշումը, ի թիվս բազմաթիվ այլ դրույթների, հակասում է ՀՀ Քրեական Դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին, որում ասվում է, որ մեղադրյալին կարելի է կալանավորել, միայն եթե իրական վտանգ կա, որ նա կխոչնդոտի արդարադատությանը, կամ կկատարի հանցագործություն: Բացի այդ, համաձայն նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի կաշառք ստանալու փաստով քրեական գործի վարույթը պետք է վարեն ՀՀ Ոստիկանության քննիչները, այն դեպքում երբ Տիգրան Փոստանջյանի գործը վարում են ԱԱԾ քննիչները:

Վերջին փաստը ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Տիգրան Փոստանջյանի հետապնդումները հրահանգված են իշխանական ամենաբարձր ատյաններից եւ որ դրանց իրականացման համար բավարար չէին ոստիկանապետական մեթոդները, այլ պետք էին առավել կոշտ ու օրենք արհամարհող` ստալինա-դերժինսկիական մեթոդներ:

Տեղի ունեցողը բացառապես քաղաքական վենդետտա է Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ, իսկ Տիգրան Փոստանջյանը քաղաքական պատանդ է: Սակայն վարչակարգի այս քստմնելի ջանքերը սին են. մենք միայն չենք գնալու որեւէ զիջման, այլեւ շարունակելու ենք պայքարը հանուն Հայաստանի ժողովրդավարացման եւ ազգային խնդիրների լուծման»:

Հիշեցնենք, որ դատախազությունը Տ. Փոստանջյանին մեղադրում է 100 հազար դրամ կաշառք վերցնելու մեջ, իսկ վերջինս հայտարարել է, որ այդ մասին ինքն իմացել է դատախազության տարածած հաղորդագրությունից եւ դա ճնշում է ուղղված իր քրոջ քաղաքական գործունեությունը կասեցնելուն: