Ես կողմնակից եմ եկամտային հարկի պրոգրեսիվ հարկմանը. համահարթ դրույքաչափը կարող է ժամանակավոր լուծում լինել, իսկ ես չեմ ուզում, որ ժամանակավոր լուծում լինի հարկային օրենսգրքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:
«Պետք է հասնել նրան, որ պրոգրեսիվ հարկ լինի, այսինքն 400-500 հազար դրամից ավել ստացողների համար երկամտային հարկի տոկոսը պետք է ավելի բարձր լինի: Այն պնդումը, որ եկամտային հարկը նվազեցնում ենք, որ շահութահարկին հավասարվի, ճիշտ չէ, որովհետեւ 3 տոկոս տարբերություն է լինելու 5 տարվա կտրվածքով»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ եթե սահմանվում է 23 տոկոս համահարթ եկամտային հարկ, ապա մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկը չի փոխվում, փոխարենը որոշ ապրանքների համար սահմանվում է բարձր ակցիզային հարկ, ինչը բերելու է գների աճի ու արդյունքում մարդկանց եկամուտները նվազելու են, Մելքումյանը ասաց. «Հարկային օրենսգրքի քննարկումը պետք է զուգակցված լինի կառավարության ծրագրի քննարկման հետ: Այսինքն եթե կառավարությանը նախատեսում է, որ առաջիկա տարիների եկամուտների աճ է լինելու, դա մի բան է, իսկ եթե չի լինելու եկամուտների աճ, դա մեկ այլ բան է: Եթե մի պահ ընդունենք, որ բացարձակ չեն աճելու մարդկանց եկամուտները, այո, այս հարկային օրենսգրքի ընդունմամբ կարող են նվազել քիչ եկամուտ ունեցողների եկամուտները: Բացի այդ, պետք է նայել, թե որ ապրանքների վրա է ակցիզային հարկն ավելացել, արդյոք դրանք սոցիալական ապրանքներ են»:





























