ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է 2019-2020 թվականներին ծովային բազավորման «Կալիբր» համալիրի ցամաքային տարբերակի ստեղծման անհրաժեշտության մասին՝ զինված մեծ հեռահարությամբ թեւավոր հրթիռով: Նա նաեւ հայտարարել է, որ նույն ժամկետում պահանջվում է մշակել մեծացված հեռահարությամբ հիպերձայնային հրթիռի վերգետնյա համալիր, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շոյգուն հայտնել է, որ գերագույն գլխավոր հրամանատարը հավանություն է տվել Գլխավոր շտաբի կողմից իրեն ներկայացված միջոցառումների ցուցակին: ՌԴ պաշտպանության նախարարությունում թեմատիկ խորհրդակցության ժամանակ Շոյգուն նշել է, որ ծովային բազավորման «Կալիբը», որը զինված է մեծ հեռահարությամբ թեւավոր հրթիռով, Սիրիայում դրական արդյունք է ցուցադրել:

Համապատասխան միջոցառումները ձեռնարկվել են պայմանավորված այն հանգամանքով, որ փետրվարի 2-ից ԱՄՆ-ն դադարել է կատարել ՄՓՀՀ պայմանագրով իր պարտավորությունները:

Ինչպես հայտարարել է պաշտպանության նախարարը, ամերիկյան կողմը ակտիվ աշխատանք է տանում ավելի քան 500 կմ խոցման հեռահարությամբ վերերկրյա բազավորման հրթիռների ստեղծման ուղղությամբ, ինչը դուրս է պայմանագրի սահմանափակումներից։ Այս առնչությամբ Ռուսաստանի նախագահը կարգադրել է ռազմական գերատեսչությանը պատասխան միջոցներ ձեռնարկել, նշել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ ծովային եւ օդային բազավորման վերերկրյա հրթիռների օգտագործումը թույլ կտա էապես կրճատել նոր հրթիռային զենքի ստեղծման ժամկետները եւ ֆինանսավորման չափը։ Շոյգուն նաեւ նշել է ստեղծվող վերերկրյա համալիրների հրաձգության հեռահարության ավելացման կարեւորությունը։

Նախարարը հանձնարարել է իր տեղակալ Ալեքսեյ Կրիվոռուչկոյին առաջիկայում սկսել անհրաժեշտ փորձակոնստրուկտորական աշխատանքները՝ պետպատվերի շրջանակում տրամադրված հատկացումների շրջանակում, ընթացիկ եւ 2020-2021 թվականների ծրագրման շրջանում՝ առաջադրված խնդիրների կատարման համար միջոցների վերաբաշխման ճանապարհով։