ՀՅԴ ներկայացուցիչների եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի միջեւ կայացած հանդիպմանը քննարկվել են  հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հարցեր: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից։

«ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 5-ին հյուրընկալվել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են օրերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, ընդունված հիմնական որոշումների, Արցախի հիմնախնդրի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հարցերին։ Երկուստեք կարեւորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը»,–ասված է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։