Զազրախոսությունը պետք է լինի արտահայտվելու ազատության իրավունքի մի մասը, որը չարժե սահմանափակել, ասել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ մեկնաբանելով երկրի իշխանությունների՝ լրատվամիջոցներում ու սոցցանցերում զրպարտությունն ու վիրավորանքներն արգելող նախաձեռնությունը, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Առաջին անգամ լրատվամիջոցներում եւ սոցցանցերում զրպարտության եւ վիրավորանքի արգելքի գաղափարը հնչեցրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 11-ին։ Պետության ղեկավարը Վրաստանի խորհրդարանին կոչ է արել քննարկել այս օրենքի նպատակահարմարությունը։

Գաղափարը դուր է եկել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին, որը ցանկություն է հայտնել վիրավորանքի, զրպարտության, զազրախոսության խնդիրները քննարկել եւ ձեռնարկել ինչ-որ միջոցներ, եթե դրանք չհակասեն խոսքի ազատությանը։

Բայց Զուրաբիշվիլու առաջարկը՝ օրենսդրական մակարդակով պայքարել զրպարտության դեմ, դուր չի եկել քաղաքացիական հատվածին, իրավապաշտպան կազմակերպություններին եւ ընդդիմության ներկայացուցիչներին։

«Ես չեմ լսել, թե մեկն ասի, որ զազրախոսությունը պետք է սահմանափակվի։ Եթե զազրախոսությունը պատժելի լինի, մենք բոլորս բանտ կնստենք։ Ուստի, հավանաբար, զազրախոսությունը պետք է պաշտպանվի արտահայտվելու ազատության իրավունքով։ Սակայն մենք բոլորս դաստիարակված մարդիկ ենք, ծնողները մեզ սովորեցնում են, եւ մենք գիտենք, որ զազրախոսությունը վատ բան է»,- ասել է Ծուլուկիանին Վրաստանի Հանրային հեռուստատեսությամբ, «Քվիրիս ինտերվյու» հաղորդման եթերում։

Նախարարը համոզված է, որ եթե զազրախոսությունը խուլիգանության տարրեր չի պարունակում, ինչը քրեորեն պատժելի հանցագործություն է, կամ էլ այն հանրային կարգի խախտման պատճառ չի հանդիսանում, ապա դրա համար չպետք է պատժել։

«Եթե մենք ձեզ հետ միասին հանկարծ խելքներս թռցնենք ու սկսենք զազրախոսել ուղիղ եթերում, դա, իհարկե, վատ բան է։ Բայց զազրախոսությունը, եթե խուլիգանություն չէ, ինչպես դա սահմանում է քրեական իրավունքի համապատասխան նորմը, կամ էլ չի համապատասխանում հանրային կարգի խախտման հոդվածին, չպետք է պատժելի լինի»,- ավելացրել է Ծուլուկիանին։

Արդարադատության նախարարը մեկնաբանել է նաեւ նախագահ Զուրաբիշվիլու առաջարկը՝ օրենսդրական մակարդակով պայքարելու կեղծ լուրերի, այսպես կոչված «ֆեյքնյուսերի» տարածման դեմ։ Ինչպես պարզվել է, Ծուլուկիանին կողմ է նախագահի այդ նախաձեռնությանը։

«Ֆեյքնյուսերի համար մեզ, հավանաբար, խիստ կանոնակարգումներ են պետք, քանի որ անգամ Եվրոպական կոնվենցիան, որն ապահովում է արտահայտման ազատությունը, ԶԼՄ պարագայում վկայում է, որ նրանք պարտավորություններ ունեն։ Մենք պետք է դա արտացոլենք մեր օրենսդրությունում քաղաքակիրթ ձեւով, եվրոպական ստանդարտով»,- ասել է Վրաստանի արդարադատության նախարարը։

Ծուլուկիանին հարցազրույցում նաեւ ասել է, որ զրպարտության քրեականացման կողմնակից չէ, բայց ինչ-որ կանոնակարգումներ, այնուամենայնիվ, պետք է գոյություն ունենան։ «Չէ՞ որ չի կարելի, որպեսզի ես ձեզ մեղադրեմ այն բանում, ինչը դուք չեք արել կամ առհասարակ այդպիսին չեք։ Մենք բոլորս պետք է ինչ-որ պարտավորություններ ունենանք»,- ամփոփել է նախարարը։