Երեխաներին կրծքով կերակրելու գործընթացը կանոնակարգելու նախաձեռնությունը, որով հանդես է եկել կառավարությունը,  տարակուսանք է առաջ բերել ծննդատներում: Այդ գործընթացը կանոնակարգող օրինագծի շուրջ Հայաստանի ԱԺ-ում լսումներ են կայացել:

Այս առնչությամբ, Գյումրիի ծննդատան մանկաբարձուհի Ջուլիետա Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է. «Այս մասին կարծում եմ պետք է մտածեն բժիշկները, ավելի կոնկրետ` մանակաբույժները, իսկ հետաքրքիր է, եթե նման օրենք են ընդունում, ինչպե՞ս են դա վերահսկելու»:

Իսկ Գյումրիում գործող փաստաբան Թամարա Յայլոյանը կարծում է, որ օրենք պետք է մշակվի ոչ թե կրծքով կերակրելու մասին, այլ արգելվեն այն կերախառնուրդներն ու փոշիները, որոնք վտանգավոր են առողջության համար ու կախվածություն են առաջացնում: «Նման օրենք մշակողները գոնե մեկ անգամ մտածե՞լ են այն մայրերի մասին, ովքեր ուղղակի ի վիճակի չեն, չեն կարող կրծքով կերակրել, ի՞նչ են անելու նրանք: Փոխանակ մտածեն, որակի հսկողություն իրականացնեն, ազատ վաճառք են կազմակերպում, գովազդում տարբեր տեսակի փոշիներ ու օրենք մշակում, թե կերակրեք կրծքով»,- ասել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ օրերս այդ օրինագծի շուրջ Հայաստանի Ազգային Ժողովում լսումներ են կայացել, որոնց ընթացքում, մասնավորապես, քննարկվել են կերակրող մայրերին աջակցելու եղանակները: Լսումների մասնակիցներն առաջարկել են կտրուկ կրճատել արհեստական կաթնային խառնուրդների հեռուստագովազդը, սահմանափակել դրանց վաճառքներն ու տարածումը: Առաջարկվել է նաեւ արգելել ծննդատներում արհեստական կաթնային կերերի օգտագործումը:

Լսումների մասնակիցները հիշեցրել են, որ կերակրող մայրերին Աշխատանքային օրենսգրքում արտոնություններ են հասնում, ինչպես աշխատանքի ժամանակ լրացուցիչ հանգստի մեկ ժամ, եւ ազատ ժամանակ երեխային կերակրելու համար: Բժիշկների եւ պատգամավորների կարծիքով, երեխաներին կրծքով կերակրումը կարեւոր է այն համատեքստում, որ կրծքով կերակրվող երեխաների մեջ ավելի ցածր է մահացությունը, նրանք, որպես կանոն ավելի քիչ են հիվանդանում եւ բարձր իմունիտետ ունեն:

Նշենք, որ նման միջոցների ընդունումը կարող է զգալի հարված հասցնել որոշ խոշոր հայ գործարարների գրպանին, քանի որ արհեստական մանկական կերերի շուկան բաժանված է երկու-երեք ընկերությունների միջեւ: