Որոշումը, որի դեմ վերջին օրերին բողոքի ակցիաներով և նամակներով իրենց դժգոհությունն էին արտահայտել մի շարք գիտաշխատողներ, ընդունվեց որոշակի լրացումով. ՀՀ Կառավարությունն այսօր՝ փետրվարի 6–ին ընդունեց ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27–ի 1515–Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Զեկուցող ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց՝ առաջարկը. «ՀՀ կառավարությունը 2018թ. դեկտեմբերի 27–ին ընդունել է ՀՀ ընդունել է 2019թ պետական բյուջեի կատարման ապահովող միջառումների մասին 1515–Ն որոշումը և սույն նախագծով առաջարկում է 1–ին կետի 2–րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ։

Առաջարկվում է բազային ֆինանսավորումը՝ մի շարք բուհերի և գիտահետազոտական կենտրոնների, իրականացնել 2018թ. սեպտեմբերի 24–ի ՀՀ կրթության նախարարության կողմից ստեղծված բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման հանձնաժողովի սահմանած կարգով։ Այսինքն՝ մրցույթը անցկացվել է, և այդ բուհերը ստացել են բազային ֆինանսավորում այս տարվա համար, և մենք առաջարկում ենք, որպեսզի կարգը այս տարվա համար պահպանվի հանձնաժողովի սահմանվածով և ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27–ի թիվ 1023–Ն որոշմամբ։

Բայց էստեղ առաջարկվում է նաև այս նախագիծը և սրա հետ կապված քննարկումները շատ կարևոր են վերջին շաբաթների ընթացքում, որովհետև վերաբերում են բազային ֆինանսավորմանը և առհասարակ պետության կողմից գիտահետազոտական ծրագրերի և բազային ֆինանսավորման արդյունավետությանը և արդյունքահենությանը, և մենք առաջարկում ենք, որ այս տարվա ընթացքում, այսինքն՝ առաջիկա շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ կդրվի գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքներն ու չափանիշները հաստատելու մասին ՀՀ կրթության և գիտության նախարարության հրամանը, և այն կընդունվի մինչև տարվա կեսը, և մենք շատ հստակ կունենանք բոլոր գիտահետազոտական կենտրոնների, այսինքն՝ բոլոր այն կենտրոնների, որոնք բազային ֆինանսավորում են ստանում, դրանց գործունեության արդյունավետությունը, գումարների ծախսման արդյունավետությունը, և միանգամայն նոր կարգ կառաջարկենք բազային ֆինանսավորման համար, որովհետև մենք տեսնում ենք, որ այստեղ ունենք մեծ բաց։  Ըստ էության, պետությունը չի հետևում այս արդյունքներին կամ չի գնահատում այն արդյունքները, այն կենտրոններից, որոնց տալիս է բազային ֆինանսավորում, և այս կարգը արդեն շատ հստակ կսահմանի, թե ինչ նպատակների են ծառայում բոլոր այն միջոցները, որոնք պետությունը հատկացնում է այդ կենտրոններին»,– նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը ճշտեց՝ սա այն նախագի՞ծն է, որով բազմաթիվ գիտնականներ կմնան առանց աշխատանքի։ «Ես ուզում եմ հասկանալ. մենք դեկտեմբերին ինչի՞ ենք էդ որոշումը կայացրել. մենք նկատի չե՞նք ունեցել, որ այդ հիմնադրամների վերնագրի ներքո այդ ազդեցությունը տարածվում է նաև էդ ոլորտի վրա. թե՞ որոշում ենք կայացրել՝ համոզված լինելով, որ էդ որոշումը ճիշտ է, և այսպես ասած, հանրային ճնշման ներքո որոշել ենք հետողորմյա անենք էդ որոշումը»։

Արայիկ Հարությունյանը հավաստեց, որ «ոչ այն է, ոչ այն»։ «Մենք ունեցել ենք որոշում 2018թ. սեպտեմբերի 27–ի, որով արդեն հաստատել էինք մրցույթը էս բուհերի բազային ֆինանսավորման, և երբ դեկտեմբերի վերջին ընդունել ենք էդ որոշումը էս հանգամանքը էդպես հաշվի չենք առել։ Բայց հաջորդ տարիներին անպայման հաշվի ենք առնելու, հաջորդ տարիներին միանգամայն այլ կարգ է լինելու։ Նման կրճատումներ չեն լինելու նույնիսկ էդ մրցույթների ժամկետների խնդիր էր նաև, որ էդ կենտրոնները մի քանի ամիս չեն ֆինանսավորվելու։ Հիմա մենք արդեն հաջորդ տարի, երբ նման մրցույթներ անցկացնենք, արդեն մրցույթները կիրականացնենք հաջորդ տարվա վերջից և տարվա սկզբից արդեն կունենանք էն ցանկը, էն կենտրոնների ցանկը, որ ֆինանսավորվելու են»։