Կառավարությունն, ըստ ներկայացրած ծրագրի, ակտիվորեն ակտիվորեն աշխատելու է ԵՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ եւ նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաեւ այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը:
Այս մասին նշված է կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության հատվածում.
«- Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ ՀՀ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարեւոր բաղկացուցիչ.
- Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության հետեւողական զարգացման ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու եւ տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ.
- ԵՄ-ի, նրա անդամ պետությունների եւ եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու եւ գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված Կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն։ Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ.
- Իրանի եւ Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից.
- Չինաստանի հետ բարեկամական հարաբերություններին բնորոշ բազմաոլորտ լայն համագործակցություն ծավալելու եւ ընդլայնելու, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ բարեկամական եւ փոխշահավետ փոխգործակցությունը զարգացնելու ու խորացնելու ուղղությամբ.
Բազմակողմ հարթակներում Կառավարությունը կարեւորում է՝
- ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում եւ միջազգային այլ կառույցներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը եւ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտ-պանությունը՝ ներառյալ անվտանգության, կայուն զարգացման եւ մարդու իրավունքների ոլորտներում.
- ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությունը, այդ թվում՝ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը.
- ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետեւողական իրականացումը.
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավվածության խորացումը, ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը։




























