Հայաստանում ունենք պետական կառավարման համակարգի արդյունավետ դարձնելու խնդիր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը՝ պատասխանելով կառավարությունում եւ մարզպետարաններում օպտիմալացման անհրաժեշտության մասին հարցին։
«Խոսքը որոշակի տոկոսներով, չնչին տեղաշարժերով փոփոխությունների մասին չէ, այլ արմատական փոփոխությունների, տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման մարմինների առավելագույն արդյունավետ աշխատանքի ապահովման մասին է»,–նշեց նա։
Հայկ Չոբանյանը համոզված է՝ չպետք դիտարկենք կրճատումների եւ խնայողությունների ճանապարհը որպես կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ճանապարհ։ «Այլ առաջին հերթին պետք է դիտարկենք յուրաքանչյուր պետական ծառայողի եւ պետական համակարգի առավել արդյունավետ աշխատանքի վրա։ Եթե այսօր կատարում ենք մեկ միավոր աշխատանք, վաղը կատարենք 5 միավոր աշխատանք այս ռեսուրսներով»,–եզրափակեց նա։





























