ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին արտահերթ նիստում այսօր՝ փետրվարի 8-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Նրա թեկնածությունն առաջադրեց «Իմ քայլը» խմբակցությունը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն այս պաշտոնում առաջադրելու իրավունքը պատկանում է «Իմ քայլը» խմբակցությանը:
Աննա Կարապետյանը նշեց, որ իր պետական գործունեությունը մեկնարկել է հենց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում. «Այս պաշտոնում առաջադրվելը միաժամանակ թե մեծ պատիվ է ինձ համար՝որպես իրավաբանի, թե մեծ պատասխանատվություն, հաշվի առնելով կենտրոնական դերն ու նշանակությունը Ազգային ժողովում»:
Նշենք, որ Հանձնաժողովն առաջին նիստում միաձայն հաստատեց նաեւ հանձնաժողովի աշխատակազմի նախագիծը:
«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն կանոնակարգը հաստատվում է հիմք ընդունելով օրինակելի ձեւը: Մենք ներկայացված նախագծում շատ չենք շեղվել օրինակելի ձեւից եւ նախորդ ԱԺ հանձնաժողովի աշխատակարգից»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Նիստի ընթացքում զավեշտալի մի դեպք եղավ. ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը տեսնելով, որ իր տեղը զբաղված է, նստել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի աթոռին։ Երբ վերջինս վերադարձել է ու զարմացել, որ իր տեղը զբաղված է, նիստը նախագահող Վլադիմիր Վարդանյանը հորդորել է Բաղդասարյանին նստել այլ աթոռին, ասելով՝ «Թող ընդդիմությունը ոտքի վրա չմնա»։
Իր հերթին Գեւորգ Պետրոսյանը նշել է. «Լիահույս եմ, որ անկախ քաղաքական հայացքների տարբերություններից, համատեղ աշխատանքը կստացվի»:




























