Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ: «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը Հատուկ քննչական ծառայությունից ստացել է Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Վ. Մկրտչյանը նշել է, որ ուսումնասիրել է Գրիշա Բալասանյանի եւ «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը եւ նշել, որ «Գրիշա Բալասանյանի հաղորդմամբ առաջ քաշված հարցերը կրում են քաղաքացիաիրավական բնույթ ու ենթակա են լուծման դատական կարգով, իսկ նյութերի նախապատրաստմամբ քրեական օրենքով արգելված արարքի վերաբերյալ տվյալներ չկան, որպիսի պայմաններում նյութերով քրեական գործի հարուցումը ենթակա է մերժման` հանցակազմի բացակայության պատճառով», ուստի մերժել է քրգործ հարուցելու միջնորդությունը:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, փետրվարի 2-ին Hetq.am կայքի լրագրողը զանգահարել է նրան, տեղեկանալու համար, թե ի՞նչ բարոյական վնաս է կրել «Հայկական ժամանակի» հրապարակումից հետո, որին դատի է տվել բարոյական վնաս կրելու համար:
Լսելով հարցը, Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Էդ ի՞նչ թերթ ա, օրական ըտենց մի թերթ ա բացվում, ու որոշում եք, որ ինձ պիտի զանգե՞ք»:
«Իսկ Ձեզ զանգելն արգելվա՞ծ է» դիտարկմանն էլ, արձագանքել է. «Տգետ, ես լրատվական ծառայություն ունեմ, «չերեզ» լրատվական ծառայություն իմ հետ կապնվի»: Այդ ասելուց հետո, հանրապետական պատգամավորն անջատել է հեռախոսը:
Լրագրողը նորից է զանգահարել, պարզելու համար նման պահվածքի ու լրագրողին վիրավորելու պատճառը, ու երբ Ռուբեն Հայրապետյանը ճշտել է, որ զրույցը ձայնագրվում է, սեռական բնույթի հայհոյանքներ է սկսել տալ: Գրիշա Բալասանյանը գլխավոր դատախազություն էր ներկայացրել զրույցի ձայնագրությունը, որտեղ պարզորոշ ձայնագրառված էին Հայրապետյանի հայհոյանքները:




























