Փետրվարի 26-ին Ավստրիայի հայ համայնքը` Հայ ուսանողական եւ երիտասարդական միության ղեկավարությամբ, Վիեննայի կենտրոնական՝ Շտեֆանսպլաց հրապարակի անմիջական հարեւանությամբ բողոքի ցույց է անցկացրել` միջազգային հանրությունից պահանջելով դատապարտել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցույցի մասնակիցները գերմաներեն եւ անգլերեն լեզուներով թռուցիկներ են բաժանել անցորդներին Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հայերի դեմ իրականացված վայրագությունների, պետական մակարդակով հանցագործությունների քողարկման եւ Ադրբեջանի շարունակվող հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության մասին:
Հայ ցուցարարները պաստառներ են բարձրացրել` «Աշխարհը պետք է դատապարտի Սումգայիթում ազերիների կողմից հայկական կոտորածները», «Ադրբեջանը պետք է կանգնի արդարադատության առջեւ` հայերի կոտորածների համար», «Մենք դատապարտում ենք ադրբեջանական քաղաքներում հայերի նկատմամբ իրականացված էթնիկական զտումները» եւ այլ կոչերով:
Ցույցին մասնակցել են նաեւ Վիեննայի հայ առաքելական եկեղեցու եւ Մխիթարյան միաբանության հոգեւոր հայրերը:
Նշենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային կոտորածներ են տեղի ունեցել։ Ադրբեջանցի հրոսակները էթնիկ հողի վրա սպանում էին հայ բնակիչներին, ոչնչացնում նրանց ունեցվածքը։ Դաժան տանջանքների էին ենթարկվել եւ սպանվել ավելի քան երեք հարյուր սումգայիթցի հայեր։ Հազարավոր մարդիկ փախստականներ էին դարձել։ Ադրբեջանական ոստիկանության անգործության ֆոնին հրոսակներին կարողացել էին զսպել ջարդերի երկրորդ օրը քաղաք մտած ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները։ Ներկայիս Ադրբեջանում ջարդերի մասին ընդունված է լռություն պահպանել։



























