Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին չեղարկել է Իսրայել իր այցը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիսնտերի հետ լեհերի համագործակցության մասին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հայտարարությունից հետո, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Times of Israel-ին:
Իսրայելում Լեհաստանի դեսպանատունը հաստատել է, որ Մորավեցկին ներկա չի գտնվի Վիշեգրադի խմբի երկրների առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու փետրվարի 18-19-ին Երուսաղեմում: Նրա փոխարեն միջոցառմանը կմասնակցի Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը: Մորավեցկին հայտնել է Նեթանյահուին իր այցը չեղարկելու մասին հեռախոսով, գրում են լեհական ԶԼՄ-ները:
Իսրայելը «երջանիկ» կլինի ընդունել Չապուտովիչին գագաթնաժողովի ժամանակ, Times of Israel –ին հայտնել է իսրայելական բարձրաստիճան դիվանագետը: Նրա խոսքերով՝ հրեական պետության իշխանությունները համարում են, որ Մորավեցկին չեղարկել է իր այցը Լեհաստանի ներսում դիվանագիտական ճնշումների պատճառով: «Մենք հասկանում ենք, որ Լեհաստանում եւս կան ընտրություններ»,-ասել է դիվանագետը՝ կարծիք հայտնելով, որ գագաթնաժողովը բարեհաջող կընթանա:
Ակնկալվում է, որ միջոցառմանը ներկա կլինեն Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի վարչապետերը:
Ավելի վաղ Նեթանյահուն, Վարշավա այցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր, որ լեհերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համագործակցել են նացիստների հետ: «Ես գիտեմ պատմությունը եւ չեմ արդարացնում այն»,-ասել էր քաղաքական գործիչը: Ընդ որում՝ վարչապետը հավելել էր, որ խոսքը չի վերաբերում բոլոր լեհերին: Ավելի ուշ, ինչպես գրում է Times of Israel-ը, որոշ ԶԼՄ-ներ սխալ տեղեկություններ էին հաղորդել, որ Նեթանյահուն հայտարարել էր նացիստների հետ ամբողջ լեհ ժողովրդի համագործակցության մասին:





























