ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դեռեւս չի այցելել փետրվարի 12–ից հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին։ Այս մասին NEWS.am–ին հարցին ի պատասխան ասաց  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նշենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Տեր–Սահակյանը հացադուլ էր սկսել՝ պահանջելով հանդիպում Արտակ Զեյնալյանի հետ։

Տեր–Սահակյանի հետ փետրվարի 12-ից անժամկետ հացադուլ է հայտարարել նաեւ ցմահ դատապարտյալ Արամ Խաչիկյանը։ Նա պահանջում է վերաբացել իր նկատմամբ քննված քրեկան գործը։

Նավիկյանը տեղեկացրեց, որ դատապարտյալները գտնվում են բժշկական հսկողության ներքո՝ հացադուլավորների համար նախատեսված խցում։

«Այս պահի դրությամբ նրանց վիճակը գնահատվում է նորմալ»,–ասաց նա։

Ավելի վաղ Արդարադատության նախարարությունից NEWS.am–ին հայտնել են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարվող հերթական այցի ընթացքում նախարար Զեյնալյանը կհանդիպի նաեւ ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանին: