«Ուղիղ 3 տարի առաջ` այս օրը մայրաքաղաք Երեւանի կենտրոնում սպանվեցին մեր 10 համաքաղաքացիները: Նրանq սպանվեցին այն բանի համար, որ հայտնվել էին խաղաղ ցուցարարների եւ ուժային կառույցների, այդ թվում հակասահմանադրական ձեւով քաղաքականության մեջ ներքաշված բանակի դիմակայության գծի վրա»,- այս մասին նշվում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունում, որը պետք է հնչեր այսօր՝ մարտի 1-ին ԱԺ նիստում, սակայն այն չի հնչել, քանի որ «Ժառանգությունը» երեկ լքել է խորհրդարանի դահլիճը:

Նրա հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մարտի 1-ի երեկոյան անօրեն շուրթերից իջեցված հրահանգով թափվեց 10 անմեղ մարդու արյուն, որի համար առ այսօր ոչ ոք պատասխան չի տվել: Չպատժվեց բանակը քաղաքականության մեջ ներքաշողը, ապօրինի արտակարգ դրություն մտցնողը, խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ իրականացնողները, բանտերը քաղբանտարկյալներով լցնողները: Չբացահայտվեցին Արմեն Մարտիրոսյանին դանակահարած անձը եւ չարժանացավ իր պատժին: Ավելին ոստիկանությանն անցած տարիների ընթացքում վերածեցին ժողովրդին հալածող գործիքի, ներքաշեցին ժողովրդի դեմ նորանոր հալածանքների եւ ապօրինություններ մեջ` երկիրը վերածելով ոստիկանապետության:

Ճակատագրի հեգնանքով, երեկ նույն վայրում` քաղաքապետարանի մուտքի առջեւ, շուրջ 150 ոստիկաններ փողոցային բառապաշարով, բռնություններով ու հրմշտոցով, մարդկանց գլխներին հարվածելով` ոտքի տակ տվեցին 40-50 կանանց, ովքեր Երեւանի քաղաքապետից պահանջում էին իրենց չզրկել հանապաղօրյա հաց վաստակելու միակ միջոցից` բացօթյա առեւտրի միջոցով կանաչի, գուլպաներ կամ գյուղատնտեսական որոշ ապրանքներ վաճառելու հնարավորությունից: Նույն ոստիկանությունը օրեր առաջ ոստիկանատուն բերման էր ենթարկել 9 երիտասարդների, նրանց թվում` երեք աղջիկների, այն բանի համար, որ նրանք իրենց քաղաքական ուժի տեսակետներն ու գաղափարներն էին տարածում Երեւանի փողոցներում:

Մեր ժողովրդից կորզվող հարկերի հաշվին վարձատրվող, մարտի 1-ին մեր իսկ պաշտպանած ոստիկանությունը վեր է ածվել սեփական ժողովրդի դեմ հալածանքներ իրականացնող գործիքի, փողոցներ փակողի, հանցագործություններ կոծկողի: Ոստիկանապետը ոչ միայն չի պատժում դրանք իրականացնողներին, այլեւ ապատեղեկատվություն է տարածում, ինչպսին փետրվարի 28-ի վայրագություններին վերաբերող պաշտոնական հաղորդագրությունն է: Նա եւ վարչախումբն ամբողջությամբ վերցրած` ոչ մի դաս չեն քաղել մարտի 1-ից: Ավելին` գրեթե սպառնում են նոր մարտի 1-ով: Այս անգամ թույլ չե՜նք տալու: Թույլ չե՜նք տալու ժողովրդի հետ միասին»: