Հյուսիսային Կորեան ցանկանում էր հանել տալ պատժամիջոցները, ԱՄՆ-ը հրաժարվեց։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա ճշգրտել է, որ այն, ինչ Հյուսիսային Կորեան պատրաստ էր տրամադրել պատժամիջոցների չեղարկման դիմաց, չէր բավարարում ԱՄՆ-ին։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Հյուսիսային Կորեան ցանկանում էր հանել տալ բոլոր պատժամիջոցները Յոնբանի միջուկային օբյեկտի ապամոնտաժման դիմաց։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Կիմ Չեն Ընը խոստացել է չկատարել միջուկային եւ հրթիռային փորձարկումներ։ Ընդ որում՝ Թրամփը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը շուտով Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտների տեսչություն կկատարի։

Թրամփը նաեւ ասել է, որ Հյուսիսային Կորեայի հետ գագաթաժողովի արդյունքներով  կոնկրետ պայմանավորվածություններ չկնքելու որոշումը միանձնյա չի եղել։ Նա հավելել է, որ համաձայնագիրը պատրաստ էր ստորագրման, բայց կողմերը որոշեցին հրաժարվել դրանից։

Թրամփը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը եւ Հյուսիսային Կորեան շատ արդյունավետ գագաթաժողով են անցկացրել։ ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ գագաթաժողովն ավարտվել է բարեկամական նոտայով՝ չնայած տարաձայնություններին։

Սպիտակ տան ղեկավարը կարեւոր է համարում համագործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ՝ Հյուսիսային Կորեայի խնդրի շուրջ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ ճանապարհին կտեղեկացնի Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի նախագահներին Հանոյի գագաթաժողովի արդյունքների մասին։