Մեզ անհանգստացրել է Հայաստանում հանցավորության աճը։ Այսպես բացատրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եւ խմբակցության պատգամավորների հանդիպման անհրաժեշտությունը։
«Այս երկու ժամվա ընթացքում հնարավոր բոլոր հարցերը պատգամավորների կողմից հնչեցվել են, այդ թվում՝ այն մասին, թե վերջին շրջանում ինչու է հանցագործությունների թիվն աճել, ինչն է դրան նպաստել, եւ ինչ միջոցներ են ձեռնարկվում այն շտկելու համար»,–նշեց Մակունցը։
Նրա խոսքով՝ ոստիկանապետը մի քանի պատճառ է նշել. «Ոստիկանապետը մի քանի հանգամանք նշեց, որոնցից մեկը համաներման հետ էր կապված, մյուսը կապված էր հաղորդում ներկայացնելու թվի աճի հետ, այժմ հաղորդում ներկայացնելիս քաղաքացիները կաշկանդված չեն»։
Մակունցը շեշտեց՝ ոստիկանապետը հավաստիացրել է, որ իրավիճակը վերահսկելի է. «Ոստիկանապետը նշեց, որ իրավիճակը վերահսկելի է եւ այդ հարցում համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մասնավորապես, լուսավորության եւ բազմաբնակարան շենքերի մոտ տեսախցիկներ տեղադրելու ուղղությամբ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն հատվածում, որտեղ լուսավորություն է առկա, եւ տեսախցիկներ կան, հանցագործությունների թիվը քիչ է»։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Երեւանի 2800–ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում քրեական գործերով համաներում էր հայտարարվել: Համաներմամբ ազատ էր արձակվել 581 անձ: Համաներումից հետո հանցավորության աճ է գրանցվել։





























