Երեւանի բուժհիմնարկներում սարքավորումների  հագեցվածության մակարդակը կազմում է միջինը 40 տոկոս: Այս մասին նշվել է մարտի 2-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ համայնքային ենթակայության առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Ներկայացված  տեղեկատվության համաձայն, բուժհիմնարկների շենքային պայմանները, ընդհանուր գնահատմամբ,  գտնվում են բավարար վիճակում: Վերջին տարիներին մասնակի վերանորոգվել է բուժհաստատությունների մոտ 60  տոկոսը, կատարվել են շենքերի  հիմքերի  ամրացման, տանիքների, սանհանգույցների վերանորոգման, պատուհանների վերատեղադրման աշխատանքներ:

«Աոողջապահական հաստատությունների զարգացման եւ ժամանակակից պահանջները բավարարող բուժծառայությունների մատուցման անհրաժեշտությունն այսօր հրամայական է: Պետք է փորձենք ճկուն մեխանիզմներ մշակել եւ գործարար կառույցների հետ համագործակցության դաշտում լուծումներ առաջարկել», - նշել է քաղաքապետը: Նրա համոզմամբ, առողջապահությունը կարող է հետաքրքիր լինել ներդրումների համար եւ որակապես նոր մշակույթ ձեւավորել բժշկական ծառայությունների առումով:

Մայրաքաղաքային տնտեսության մեջ ներդրումային միջոցների ներգրավումը  համարելով գերակա ուղղություն, քաղաքապետը նշել է, որ այդ առումով որոշակի քայլեր են արվում  նաեւ առողջապահության բնագավառում:

Մասնավորապես, «Պրոմ թեսթ» ընկերության հետ համագործակցության ծրագիր է քննարկվել  գերժամանակակից կլինիկական լաբորատոր ծառայությունների մատուցման ասպարեզում, իսկ  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության  հետ դիտարկվել է նաեւ համայնքային բուժհաստատություններից մեկի հիման վրա համատեղ բժշկական հաստատության ստեղծելու հնարավորությունը: