«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դեմ է հանդես գալիս Մաշտոցի պողոտայի եւ Սարյան փողոցի միջեւ ընկած այգում որեւէ ստորգետնյա առեւտրի կենտրոն կառուցելուն:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մարտի 1-ին տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետը եւ «Տաշիր» գրուպի նախագահը համաձայնագիր են ստորագրել մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։ Քանի որ մամուլում հստակ տեղեկություն չկա այն մասին, արդյոք այդ ծրագրերի թվում է նաեւ Մաշտոցի պողոտային հարող այգին, «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հարկ է համարում կրկին հայտնել երեւանցիների եւ հատկապես Կենտրոնի բնակիչների ստորագրահավաքով հաստատված կարծիքն այն մասին, որ.
1. նրանք դեմ են Մաշտոցի պողոտայի եւ Սարյան փողոցի միջեւ ընկած այգում որեւէ ստորգետնյա առեւտրի կենտրոնի կառուցմանը,
2. նման շինարարության դեպքում այգին կկորցնի իր նշանակությունը, քանի որ զբոսայգին աքցանի մեջ կառնեն ստորգետնյա եւ վերգետնյա կոմերցիոն առեւտրային կառույցները, անխուսափելիորեն կտուժեն հազվագյուտ ծառերն ու ծառարմատները,
3. տարրական քաղաքաշինական նորմերի համաձայն` զբոսայգու միջավայրն անհամատեղելի է առեւտրային կառույցների հետ եւ իսպառ կբացառի քաղաքացիների հանգստի եւ մեկուսի զբոսնելու հնարավորությունը,
4. նշված նախագծով վերջնականապես խաչ կքաշվի Ալ.Թամանյանի նախագծած Գլխավոր պողոտայի հայեցակարգի վրա,
5. պատրաստ ենք տրամադրել մեր նախաձեռնության Բաց ճարտարապետական ֆորումի անկախ մասնագիտական կարծիքներ նշված այգու վերաբերյալ։
Հուսով ենք, որ այս հանգամանքը հաշվի է առնվել համաձայնագրի կնքման ժամանակ եւ նախկինի պես ներդրումային ծրագրերը վեր չեն դասվելու մարդկանց առողջության եւ կանաչ միջավայրի գերխնդրից։
Հարակից շենքերի բնակիչները պատրաստ են բոլոր օրինական միջոցներով պաշտպանել սեփական կարծիքը՝ այգին հանրային բարեկարգ տարածք դարձնելու եւ այն բետոնապատումից զերծ պահելու համար։
Երեւանի քաղաքապետից ակնկալում ենք, որ Մաշտոցի պողոտային հարող հանրային այգում եւս կպահպանվի նրա կողմից տրված «կանաչ տարածքների հաշվին շինարարություն չի լինելու» խոստումը»:




























