Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանն այսօր՝ մարտի 2-ին քաղաքացիական հայց է ներկայացրել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության դեմ: Նպատակը փետրվարի 17-ին Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում ոստիկանության աշխատակիցների կողմից իր ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունք խախտման փաստի ճանաչումն է:

Հիշեցնենք, որ այդ օրը ոստիկանները շրջափակման մեջ էին առել բողոքի ակցիայի դուրս եկած ավտովարորդներին եւ թույլ չէին տալիս ավտոերթ անցկացնել դեպի Վանաձոր:

Հայցում մասնավորաբար ասվում է.

«2011-ի փետրվարի 17-ին իմ անձնական օգտագործման Ford Escape մակնիշի 24OU 353 համարանիշի ավտոմեքենայով իմ բնակարանից` առավոտյան ժամը 07:20-ին ուղեւորվել եմ Գյումրիի Սայաթ-Նովա փողոց: Ժամը 07:50 րոպեին շարժվել եմ այդ տեղից դեպի հարավ` Սայաթ-Նովա եւ Ռուսթավելի փողոցի խաչմերուկը, սակայն խաչմերուկը այդ պահին փակել են ՀՀ Ճանապարհային ոստիկանության չորս ավտոմեքենաներ եւ 20-ից ավելի ոստիկաններ, չթողնելով դուրս գալ Սայաթ-Նովա փողոցից: Ոստիկանները փողոցը փակելու մասին որեւէ բացատրություն չեն տվել իմ բանավոր հարցումներին: Այդտեղ շրջադարձ կատարելով, շարժվել եմ փողոցի հյուսային ելքը` Անկախության հրապարակի ուղղությամբ, սակայն այստեղ եւս ՃՈ 4 ավտոմեքենաներ եւ այլ` առանց հատուկ տարբերանշանների ավտոմեքենաներ նույնպես փակել են փողոցից ելքը դեպի Անկախության հրապարակ: Այդ ընթացքում ոստիկանները փակվել են նաեւ Սայաթ-Նովա փողոցին հարող բոլոր նրբանցքների մուտքերը` Ոստիկանական Վիլիս ավտոմեքենաներով եւ ավելի քան 50 ոստիկաններով: Ստեղծված շրջափակման մեջ են հայտնվել մոտավորապես ութ ավտոմեքենա, այդ թվում եւ իմ ավտոմեքենան:

Շրջափակումը տեւել է ավելի քան 10 ժամ` մինչեւ ժամը 18:02-ը, երբ ոստիկանները բացել են փողոցի բոլոր ոստիկանական պատնեշները: Այդ ամբողջ ընթացքում փողոց ազատ ելումուտ են արել ոստիկաններին պատկանող ծառայողական եւ անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաներ, եւ արգելվել է իմ եւ այստեղ շրջափակված այլ յոթ ավտոմեքենաների տեղաշարժը Սայաթ-Նովա փողոցից դուրս: Արգելվել է նաեւ այլ ավտոմեքենաների մուտքը Սայաթ-Նովա փողոց:

Իմ, այլ վարորդների, լրագրողների եւ քաղաքացիների բոլոր բանավոր հարցումներին ոստիկանները որեւէ բացատրություն չեն տվել ազատ տեղաշարժի արգելափակման մասին: Այստեղ արգելապատնեշների մոտ ժամեր շարունակ եղել է ավելի քան 150 ոստիկան` ոստիկանական եւ քաղաքացիական հագուստներով, այդ թվում ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալներ Գ.Թադեւոսյանը եւ Հ.Ավետիսյանը, Գյումրիի քաղաքային բաժնի պետ Ա.Բիչախչյանը, Ախուրյանի բաժնի պետ Ենգոյանը եւ այլք:

Ես այս ապօրինության մասին հաղորդում եմ ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին»: