Այս շաբաթ Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի շուրջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ukraine, SOC) և Անդրեյ Շիրցելը (Slovenia, EPP/CD) փաստահավաք այցով կժամանեն Երեւան եւ հանդիպումներ ու քննարկումներ կանցկացնեն մարտի 12-14-ն ընկած ժամանակահատվածում:

Քննարկումների շրջանակում առանցքային կլինեն վերջին ներքաղաքական զարգացումները եւ նոր ձևավորված կառավարության գերակայությունները, ինչպես նաեւ ժողովրդավարական եւ սոցիալական բարեփոխումները:

Համազեկուցողները նախատեսում են ունենալ հանդիպումներ Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ինչպես նաեւ Արտաքին գործերի, Արդարադատության եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների հետ:

Հանդիպումներ են նախատեսված Գլխավոր դատախազի, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հատուկ քննչական ծառայության պետի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

ՀՀ ԱԺ-ում համազեկուցողները նախատեսում են հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պետաիրավական մշտական հանձնաժողովների նախագահների հետ, ինչպես նաև այցի շրջանակներում նախատեսվում են անհատական հանդիպումներ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ»: