Գերմանիան 5G նոր բջջային ցանցի անվտանգության համար սեփական ստանդարտները կսահմանի՝ ասել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել է, որ կկրճատի հետախուզական տվյալների փոխանակումը Բեռլինի հետ, եթե չինական Huawei ընկերությանը թույլ տրվի մասնակցել այդ գործընթացին՝ հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքերով, Գերմանիայի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում թվային ցանցերի, այդ թվում 5G բջջային ենթակառուցվածքի անվտանգությանը, սակայն Բեռլինը կհետեւի սեփական խորհրդատվություններին։ «Անվտանգությունը, մանավանդ երբ խոսքը 5G ցանցի ընդլայնման, ինչպես նաեւ թվային հարթակի այլ ոլորտների մասին է, շատ կարեւոր խնդիր է Գերմանիայի կառավարության համար, այդ պատճառով մենք ինքներս ենք սահմանում մեր ստանդարտները»,- ասել է Մերկելը։
Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը խնդիրները կքննարկի Եվրոպայում իր գործընկերների, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում համապատասխան հաստատությունների հետ։





























