Գարեգին Բ կաթողիկոսն այսօր՝ մարտի 3-ին Վարդանանց տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 32 դպրոցների տնօրենների:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն գոհունակություն է հայտնել, որ ազգային դպրոցի տնօրենները Ս. Էջմիածին են այցելել ազգային-եկեղեցական կյանքում հիշարժան այս օրը: Նա ցավով նկատել է, որ Հայոց ցեղասպանության պատճառով եւ խորհրդային անաստվածության տարիներին, երբ կազմալուծվեց ազգային եւ եկեղեցական հայոց կյանքը, ազգային շատ տոներ, ավանդույթներ ու սրբազան նվիրական խորհուրդներ դուրս են մղվել մեր կյանքից, որոնցով դարեր շարունակ կերտվել է նկարագիրը ու գիտակցությունը հայ ժողովրդի: Գարեգին Բ-ն նաեւ իր գնահատանքն է հայտնել տնօրեններին` դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման հանդեպ ցուցաբերվող նախանձախնդիր վերաբերմունքի համար:

«Հայոց Եկեղեցին ազգային արժեքների մեր գանձարանն է: Մեր Եկեղեցու պատմությունը անքակտելի մասն է մեր ժողովրդի պատմության: Եկեղեցին միշտ կարողացել է աննկուն պահել մեր զավակների ոգին եւ ոգեշնչել նրանց դեպի ազատ ու անկախ կյանք, պետականության վերականգնում», - նշել է նա:

Հանդիպումից հետո տնօրենները Մայր Տաճարում մասնակցել են Ս. Պատարագի արարողությանը, այցելել Մայր Աթոռի թանգարաններ: