Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով գտնվում է ԱՄՆ-ում՝ ՄԱԿ-ի 64-րդ նստաշրջանին եւ G-20 երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար, ելույթ է ունեցել Նյու Ջերսիի Princeton համալսարանում։ Ի թիվս այլ խնդիրների՝ նա անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal թերթը։

Թուրքիայի վարչապետը Princeton համալսարանում հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորման փուլ են մտել եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Նա ասել, որ եթե ամեն ինչ նորմալ ընթանա՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները հավանաբար խորհրդարան կմտնեն հոկտեմբերի 10-11-ը։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է. «Հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարեւոր քայլեր ենք արել։ Սակայն ըստ ինձ, այդ քայլերում Հայաստանի նախագահը Թուրքիայում տեղի ունենալիք ֆուտբոլային խաղի հետ կապված չպետք է „կգամ, չեմ գա“, նման մոտեցումներով հանդես գա։ Նախկինում լրագրողներին ես միայն սա եմ աել, որ մեր նախագահ Աբդուլահ Գյուլը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու համար Հայաստան է գնացել եւ ահա սրանով նախապայմանները վերանում են։ Եթե Թուրքիայի նախագահը հանգիստ կարողացել է գնալ Հայաստան՝ նա էլ հանգիստ կարող է գալ Թուրքիա։ Ըստ ինձ, „սա եթե անեք՝ կգամ“ կոչվող միջազգային դիվանագիտությունը վաղուց աղբամանը նետված հասկացութուն է։ Մենք այդ երկրի (Հայաստան) հետ հարեւանական հարաբերությունները փոխադարձ հարգանքի շրջանակներում շարունակելու ենք»,- ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։