«Թոշակառու Մանկավարժներ Առանց Սահմանի (GREF)»  ֆրանսիական կազմակերպության 12 անդամներ, ֆրանսերենի նախկին ուսուցիչներ, մարտի 7-ից ապրիլի 17-ը, արդեն  13-րդ անգամ, կժամանեն Հայաստան, երկրի ողջ տարածքում ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստում անցկացնելու համար:

Նրանց առաքելությունը կսկսվի մարտի 7-ին, ժամը 10-ին Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանությունում կայանալիք աշխատանքային ժողովով, այնուհետեւ դեսպան Անրի Ռենոյի հրավերով կկայանա ճաշ հայ եւ ֆրանսիացի գործընկերների մասնակցությամբ:

GREF-ը գործել է Հայաստանում 1996-2000թթ.-ին, ապա վերսկսել է իր գործունեություն 2005թ.-ից, ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում:

2010թ.-ին Ստեփանավանի, Վանաձորի, Գյումրիի, Արթիկի, Մաստարայի, Չարենցավանի Հրազդանի, Գորիսի եւ Երեւանի 184 ուսուցիչներ մասնակցել են GREF-ի  վերապատրաստման դասընթացներին:

GREF-ը ստեղծվել է 1990թ.ին եւ գործունեություն է ծավալում ողջ աշխարհում:

Բոլորովին վերջերս, մասնագիտական վարժարանների վերաբացմանը զուգընթաց, դասընթացներ են սկսվել տեխնիկական ֆրանսերենի դասավանդման բնագավառում:

Ֆրանկոֆոնիայի միամսյակի (14/03- 21/04) նախօրեին GREF-ի պատվիրակության ժամանումը եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի դպրոցներում ֆրանսերենի դասավանդման պահպանմանը եւ զարգացմանն ուղղված  միջոցառումների կարեւորության մասին:

Ժողովից հետո՝ մարտի 7-ին, ժամը 12-ին,  ծրագրի ղեկավար Գի Բոնոմը ավելի մանրամասն կներկայացնի GREF-ի գործունեությունը: