NEWS.am–ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու երկամսյա կալանքի որոշում կայացրել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Կատայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել էր դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու  և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 2019 թվականի մարտի 29-ին ներկայացված միջնորդությունները և որոշել կասեցնել Հեբոյանի լիազորությունները մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել եւ վերցվել է: Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի հարուցվել է քրեական գործ։

 NEWS.am–ի հետ զրույցում Հեբոյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և որ  Հեբոյանն ընդամենը այն գումարն է վերցրել, որ Նոր տարուց առաջ փաստաբան Վահագն Դանիելյանն էր որպես փոխառության վերցրել։

Նշենք, որ Հեբոյանը  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում աշխատում էր 1999-ից։