Գավառի հիվանդանոցում 27–ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան դեպքի կապակցությամբ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

ՔԿ–ից հայտնում են, որ 2019 թվականի մարտի 30-ին՝ ժամը 20:20-ին, «Գավառ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Անաֆիլակտիկ շոկ»-ի պատճառով իրենց մոտ մահացել է Գավառ քաղաքի բնակչուհին՝ ծնված 1992թ.: Նույն օրը ՀՀ ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել նաև Գավառ քաղաքի բնակչից այն մասին, որ 2019թ. մարտի 30-ին՝ ժամը 17-ի սահմաններում, իր կնոջը՝ տարել է «Գավառ ԲԿ» ՓԲԸ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք՝ հղիությունն ընդհատելու նպատակով, և ժամը 20:00-ի սահմաններում տեղեկացել է, որ կինը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 27-ամյա կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: