3500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար կալանավորված դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը բողոքարկել է իր պաշտպանյալին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այս մասին NEWS.am–ին հայտնեց Կրոմվել Գրիգորյանը։
Նա նշեց, որ բացակայում են իր պաշտպանյալին կալանավորելու հիմքերը և հիմնավոր կասկածն այն մասին, որ նա կարող է անօրինական ազդեցություն ունենալ քննության ընթացքի վրա։
Գրիգորյանի խոսքով՝ իր պաշտպանյալին ձերբակալել են նրա մոտից գումար հայտնաբերելուց երկուսուկես ժամ անց և այդ ընթացքում նա որևէ փորձ չի կատարել վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու համար, այն պարագայում, երբ Հեբոյանի նկատմամբ հարկադիրանքի որևէ միջոց կիրառված չէր։
Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով այն բանի համար, որ նա ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Մարտի 30–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու երկամսյա կալանքի որոշում կայացրել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Կատայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում էր կայացրել կասեցնել Հեբոյանի լիազորությունները մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:





























