ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի իրացնելու, թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքեր: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. մարտի 25-ին` ժամը 14-ի սահմաններում, Հրազդան քաղաքի՝ 1984 թվականին ծնված բնակիչը, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզի՝ 63-ամայ բնակչից առերեւույթ ձեռք է բերել կանեփից պատրաստված թմրանյութ, որի մի մասը հյուրասիրել է համաքաղաքացուն՝ ծնված 1971 թվականին, իսկ մնացած մասը` 2,68 գրամ քաշով, պահել իր ավտոմեքենայում:

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ Հրազդան քաղաքի՝ 34-ամյա բնակիչը 2019թ. հունվար ամսվա սկզբներից մինչեւ 2019 թվականի մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 15 անգամ Գավառ քաղաքի՝ 63-ամյա բնակչից, փոխանակման միջոցով, յուրաքանչյուր անգամ ձեռք է բերել 8-10 ծխախոտի գլանակի չափով կանեփից պատրաստված թմրամիջոց:

Առգրավված բուսական ծագում ունեցող զանգվածի փորձաքննությամբ հայտնաբերվել են կաննաբինոիդների եւ թմրալկալոիդ` տետրահիդրոկաննաբինոլի հետքեր, որոնք հանդիսանում են կանեփի բույսի ալկալոիդներ, իսկ փորձաքննությանը ներկայացված 2,68 գրամ հաստատուն քաշով կանեփի բուսական մանրացված զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: 

Փաստի առթիվ Ոստիկանությունում 2019 մարտի 26-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով եւ  268-րդ  հոդվածի  1-ին մասով, որը նույն օրն ընդունվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթ։

Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ, որոնց ժամանակ Գավառ քաղաքի բնակչի բնակարանից հայտնաբերվել եւ առգրավվել են կանեփանման բույսի երկու առանձին զանգվածներ, որոնցից մեկը կազմել է 2,75 գրամ, իսկ մյուսը՝ 35 գրամ: Հրազդան քաղաքի՝ 34-ամյա բնակչի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 3.1 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված զանգված:

2019թ. մարտի 29-ին Գավառ քաղաքի՝ 1955 թվականին ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

1984թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 1971թ. ծնված տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: