Օմսկի բազմազավակ բնակչուհի Վերա Բեգունն անցնում է 18 քրեական գործերով. նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում, տեղեկացնում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով «Նովի Օմսկ» պարբերականին։
Տեղեկատվությունում նշվում է, որ Օմսկի բնակիչները Վերա Բեգունի մասին իմացել են այն բանից հետո, երբ նա 2015-ին նստացույց էր կազմակերպել քաղաքապետարանի մոտ՝ չցանկանալով տեղափոխվել վթարային շենքից։ 2017-ին որդու ու կենակցի հետ միասին Բեգունը հաշվեհարդարի սպառնալիքով պահանջել է իր ծանոթից վաճառել Infinity ավտոմեքենան, իսկ փողերը տալ իրենց։
Բայց այդ մասին իմացել է ոստիկանությունը, եւ արդյունքում՝ կինն ստացել է երեք տարվա բանտարկություն։ Այդ ժամանակ էլ քննությունը պարզել է մի շարք այլ հանցագործություններին նրա մասնակցության մասին։ Մասնավորապես, Բեգունը կարող էր կազմակերպած լինել իր եղբոր սիրած աղջկա բռնաբարությունը. նա, իբր, ստիպել է կենակցին նայել կատարվողին, իսկ որդին նկարահանել է տեսախցիկով։
Որոշ ժամանակ անց մեղադրյալի ծանոթը (միասին մեծացել են մանկատանը), որն անմիջական մասնակցություն է ունեցել բռնաբարությանը, մեղայականով ներկայացել է ոստիկանություն, որտեղ ցուցմունք է տվել Վերա Բեգունի ու նրա կենակցի դեմ։ Ինչպես հետեւում է քրեական գործի նյութերից, կինն այդ մասին իմացել է, ինչից հետո կենակցի հետ միասին հայցը ներկայացնողին տարել է անտառ։
Այնտեղ հանցակիցները երկար ծաղրուծանակի են ենթարկել տղամարդուն, ինչից հետո ստիպել են փորել իր գերեզմանը, որում ողջ-ողջ թաղել են նրան։ Որոշ ժամանակ անց հանցակիցները նրան դուրս են բերել փոսից, կապել ծառին՝ որոշելով հետո խեղդել։ Բայց տուժածը մահացել է, մինչ նրանք կհասցնեին իրագործել իրենց մտահղացումը։
Քննության ընթացքում նաեւ պարզվել է, որ 2016 թվականին Վերա Բեգունը առեւանգել է իր ընկերուհուն եւ նրան օգտագործել որպես սեքս ստրկուհի։ Տուժածը կարողացել է փախչել, բայց ոստիկանություն չի դիմել։ Ներկայում ամբաստանյալի գործն ուղարկվել է դատարան. դրա նյութերը կազմել են 32 հատոր՝ 250-ական էջով։ Բեգունի երեխաներն ապրում են հոր հետ Ղրիմում։




























