Կիպրոսում, Այի Նապայի վանքում, մարտի 3-ին Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչները մեկշաբաթյա խորհրդակցություն են սկսել` ուսումնասիրելու Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք եւ Կարգ» հանձնախմբի ստեղծած «Եկեղեցու բնույթն ու առաքելությունը» փաստաթուղթը:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության նպատակն է համաշխարհային քննարկման նյութ դարձած եկեղեցաբանության ընկալման վերաբերյալ ներկայացնել Ուղղափառ Եկեղեցիների տեսակետը:

Հավաքը հյուրընկալում է Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցին: Հավաքին մասնակցում են շուրջ 40 հոգեւորականներ, աստվածաբաններ, երիտասարդներ, ԵՀԽ անդամ Արեւելյան Ուղղափառ եւ Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիներից:

Հավաքին մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն, «Հավատք եւ Կարգ» հանձնախմբի անդամ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ժողովի բացումը կատարել է Կիպրոսի ուղղափառ եկեղեցու պետ Քրիզոստոմոս արքեպիսկոպոսը:

Ողջույնի իր խոսքում ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթն անդրադարձել է  Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի եկեղեցաբանական ընկալման հարցի շուրջ Ուղղափառ Եկեղեցիների բերած կարեւոր ներդրմանը, խոսեց առաջիկայում Յամայկայում կայանալիք Խաղաղության կոնֆերանսի մասին: