Հայաստանի  ԱԺ պատգամավորներից շատերը մարտի 8-ը նշում են յուրաօրինակ` «ավանդական  եղանակով»: Թե ինչ է իրենից ենթադրում այդ «ավանդական եղանակը» եւ ի՞նչ է այն իր մեջ ներառում` հայրենի խորհրդարանականները բավարարվեցին ընդամենը նշելով. «Դե շնորհավորում ենք, ծաղիկներ ենք նվիրում, այսքանը»: Իսկ համբույրնե՞ր չեք շռայլում` հարցը NEWS.am-ի զրուցակիցներից ոմանց շփոթեցրեց, ովքեր իրենց շփոթմունքը ցրեցին «վա~յ, ինչ եք ասում» ամոթխած բացականչությամբ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Մաքս-Գրուպ» կոնցեռնի սեփականատեր   Խաչիկ Մանուկյանն այս տարի իր կնոջ եւ դուստրերի տոնը շնորհավորել է ոչ թե մարտի 8-ին, այլ մարտի 7-ին: Պատճառն այն է, որ նա մարտի 8-ի «ազիզ օրով» աշխատանքային այցով մեկնելու է Լատվիա: Տոնից մեկ օր առաջ գործարար պատգամավորը կնոջն ու դուստրերին իր խոսքով` ավանդական նվերներ է մատուցել` «հիմնականում ծաղիկներ»: Նա թանկարժեք նվերների հետեւից չի ընկնում, քանի որ կարծում է, որ «կարեւորը նվերի ճոխը չէ, այլ, որ, հոգով տոնը շնորհավորվի»:

«Մի մոռացեք, որ դեռ ապրիլի 7 էլ կա»,-հուշեց պատգամավորը եւ հավաստիացրեց, որ նվերներ մատուցում է ողջ միամսյակի ընթացքում` մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը: Իսկ ի՞նչ նվերներ. «Դե…ինչ պատահի, գեղեցիկ բաներ»,-նկատեց Մանուկյանը:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը մարտի 8-ի կապակցությամբ նվերների մասին մեր հարցին չպատասխանեց, քանի որ, երբ զանգահարեցինք նրան, հարմար տեղում չէր` հիվանդանոց` իր ազգականներից մեկին էր այցելել: Նա, սակայն, հասցրեց մաղթանք հղել. «Մեր կանանց մաղթում եմ ամենալավ բաները»:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, կնամեծար տղամարդու համբավ ունեցող Վարդան Բոստանջյանը եւս չի ընկնելու ձեւականությունների հետեւից, իր սիրելի կանանց` հարազատներին, բարեկամուհիներին եւ գործընկերուհիներին շնորհավորելու է «շատ զուսպ եւ համեստ ձեւով, անհրաժշտ ուշադրություն ցուցաբերելով»: Նա չի ընդունում մարտի 8-ի կապակցությամբ թանկարժեք նվերներ մատուցելու որոշ տղամարդկանց սովորույթը, եւ կարծում է, որ պետք է նվերը լինի սիմվոլիկ ու ճաշակով:

«Հատկապես բոլոր այն կանաց, ովքեր աջակցություն, ծառայություն են մատուցել, մարտի 8-ին միշտ շնորհավորում եմ` ծաղկեփնջով կամ այլ ձեւով: Նվերների դիֆերենցացիա լինում է, բայց որ հատուկ նստեմ, մտածեմ, թե ում ինչ թանկարժեք բան նվիրեմ, չեմ անում»,-հայտարարեց պատգամավորը:  Նա մաղթեց կանանց լինել առողջ, կենսուրախ եւ հանդուրժողական:

«Մենք շատ անհարմարություններ ենք պատճառում կանանց եւ նրանք, այդուհանդերձ, գտնվում են բարձր մակարդակի վրա: Խոսքը խելացի եւ ըմբռնող կանանց մասին է, ովքեր կարողանում են տանել, հանդուրժել  մեզ, մեզ ներկայացնել հասարակությանը եւ ուղարկել աշխատանքի: Այդ կանայք արժանի են միայն հարգանքի տղամարդկանց կողմից»,-ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց Բոստանջյանը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ընտանիքում, օրինակ, ընդունված չէ հատուկ նշել մարտի 8-ը: «Բայց կշնորհավորեմ, պրոբլեմ չի»,-խոստացավ Մանուկյանը: Բավարարվելու եք միայն շնորհավորելո՞վ, թե՞ նվերներ էլ եք մատուցելու` հարցին Մանուկյանն արձագանքեց. «Չէ, կարծում եմ միայն շնորհավորելը հերիք է»: Պարոն Մանուկյանը ժլատ է ոչ միայն նվերներ մատուցելիս, այլ նաեւ մաղթանքներում. «Դե ցանկանում եմ, որ լինեն առողջ, սիրուն ու շատ երեխաներ ունենան»,-ասաց նա:

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Սամվել Նիկոյանի համար կանանց շնորհավորելը չի սահմանափակվում մեկ օրով կամ միամսյակով, այլ` 12 ամիս է: «Այնպես որ, մարտի 8-ի կապակցությամբ իմ կողմից առանձնահատուկ դրսեւորումներ չեն լինի: Ինձ հետ շփվող եւ հարաբերվող կանայք գիտեն, որ ես նրանց սիրում եւ ուշադրության եմ արժանացնում տարին 12 ամիս»,-հայտարարեց Նիկոյանը: Նա բացիկներ նվիրել չի սիրում, փոխարենը սիրով ծաղիկներ է նվիրում եւ միշտ խմում կանանց կենացը: Կապ չունի, թե ինչ գույնի ու թնդության խմիչքով:  Պարոն Նիկոյանը մաղթում է, որ կանայք լինեն միշտ սիրված եւ գնահատված:

«Ինձ թվում է կանանց երջանկության կարեւոր մասը այսքանով պետք է փակել»,-հայտարարեց Նիկոյանը եւ հավելեց. «Աստված հայ տղամարդկանց այնքան հնարավորություն եւ արժեքային համակարգ տա, որ կարողանանք մեր կանանց ըստ արժանվույն գնահատել, քանի որ նրանք վաստակել են այդ իրավունքը»: Ամեն:

Հեղինե Մանուկյան