Այսօր՝ ապրիլի 5-ին, երբ արագընթաց գնացքով Գյումրի ժամանած Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ կայարանից՝ նրան էին սպասում մեծ թվով քաղաքացիներ, որոնք փորձում էին մոտենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրան փոխանցել իրենց հուզող հարցերը, նամակներ եւ այլն։
Քաղաքացիների հոսքը բավականին մեծ էր, ինչի արդյունքում հրմշտոց եղավ, եւ այդ ընթացքում Փաշինյանին մոտենալ փորձող մի կույր քաղաքացու եւս հրմշտեցին։
«Տուն չունենք, «կռիշում» ենք ապրում, Գյումրին ահավոր պայմաններում է։ Ամուսինս կույր է, որեւէ մեկն ուշադրություն չի դարձնում»,- նշեց բողոքող կինը։
Նա այդպես էլ չկարողացավ հասնել վարչապետին, ինչից վրդովված մի կին, հավանաբար, կույր քաղաքացու հարազատներից, սկսեց բղավել, որ եթե թույլ չեն տալիս կույր մարդուն մոտենալ երկրի վարչապետին, ապա ոչինչ չի փոխվել։ «Կույր մարդուն էլ բանի տեղ չեք դնո՞ւմ, ուրեմն Դուք էլ եք սուտ»,-ասաց նա:
Բղավող կինը ցանկանում էր նամակ փոխանցել երկրի ղեկավարին եւ նշում էր, որ էլ այսպես չեն կարող դիմանալ։





























